Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդիկ զբոսաշրջիկները բոյկոտում են Ադրբեջան և Թուրքիա այցելությունները
Հնդկաստանի հետ նոր լարվածության ընթացքում Պակիստանին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցուցաբերված բաց և անվերապահ աջակցությունը սուր դժգոհություն է առաջացրել Նյու Դելիում: Այս մասին գրում են նաև ադրբեջանական լրատվամիջոցները։
Սոցիալական ցանցերում սկսվել են տարածվել Հնդկաստանի քաղաքացիներին ուղղված կոչեր՝ ձեռնպահ մնալու այդ երկրներ ճանապարհորդելուց, որոնք շուտով վերաճեցին խոշոր տուրիստական ընկերությունների կողմից կազմակերպված բոյկոտի:
Cox & Kings-ը առաջիններից մեկն էր, որ արձագանքեց՝ հայտարարելով Ադրբեջան, Թուրքիա և Ուզբեկստան տուրիստական ուղևորությունների դադարեցման մասին:
«Վերջին իրադարձությունների լույսի ներքո մենք որոշում ենք կայացրել՝ կասեցնել Ադրբեջան, Ուզբեկստան և Թուրքիա բոլոր նոր տուրիստական առաջարկները: Այս որոշումը թելադրված է մեզ և մեր երկրի համար մեծ նշանակություն ունեցող սկզբունքներին մեր նվիրվածությամբ», - ասել է ընկերության տնօրեն Կարան Ագարվալը:
Հարկ է նշել, որ Ուզբեկստանը պաշտոնապես չի դատապարտել Հնդկաստանի կողմից մայիսի 7-ին Պակիստանի դեմ սկսված «Սինդուր» գործողությունը՝ սահմանափակվելով երկու կողմերին զսպվածության կոչով։ Սակայն, հաշվի առնելով Տաշքենդի սերտ կապերը Իսլամաբադի հետ, Cox & Kings-ը Ուզբեկստանը ներառել է կասեցված ուղղությունների ցանկում։
Հնդկական EaseMyTrip տուրիստական գործակալությունը նմանատիպ դիրքորոշում է ընդունել՝ ընդգծելով հնդիկ զբոսաշրջիկների անվտանգության ապահովման կարևորությունը։ Իր հայտարարության մեջ հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նիշանտ Փիթին ընդգծել է. «2025 թվականի ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից և Հնդկաստանի ու Պակիստանի միջև ռազմական լարվածությունից հետո, ցավոք, պետք է նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցություն են հայտնել Պակիստանին։ EaseMyTrip-ը խստորեն խորհուրդ է տալիս սահմանափակել այդ երկրներ ուղևորությունները, եթե դա բացարձակապես անհրաժեշտ չէ»։
Travomint-ը նաև հայտարարել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության լիակատար դադարեցման մասին՝ կոչ անելով իր հաճախորդներին զերծ մնալ այդ երկրներ ուղևորություններից։